ՀՀ Լոռու և Արարատի մարզերում փետրվարի 26-ին և 27-ին արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք' 2 տուժածով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հե տազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված ծիծակի և վարունգի մարինադի պահածոներ:

 

Օգտագործումից 24 ժամ անց տուժածների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները' գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխումներ, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները հոսպիտալացվել են: Նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ:

 

Ներկայում հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է:

 

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափե´լ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´լ ջերմային մշակման' պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´լ բժշկի: