Տարեցտարի Գեղարքունիքի մարզում ավելանում են հացահատիկային ցանքատարածությունները, որին զուգընթաց էլ ավելի ցայտուն է զգացվում հացահատիկային կոմբայնների պակասը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ հրապարակած տվյալ ների համաձայն՝ նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է 338 հազար տոննա հացահատիկ, որից 145 հազար տոննան կամ մոտ 43 տոկոսն արտադրվել է Գեղարքունիքի մարզում: Ըստ նախարար Սերգո Կարապետյանի՝ Գեղարքունիքում գնալով ավելի է զգացվում հացահատիկային նոր կոմբայնների կարիքը, քանի որ հները շատ դժվարությամբ են շահագործվում կամ աստիճանաբար կորցնում են շահագործման պիտանիությունը:

 

Ի ուրախություն հանդիպմանը մասնակցող համայնքների ղեկավարների եւ երկրագործական տնտեսությունների ներկայացուցիչների՝ նախարարը տեղեկացրեց, որ արդեն դյուրացվել են հացահատիկային կոմբայններ ձեռք բերելու պայմանները, եւ որ համայնքները կամ տնտեսությունները հիմա կարող են դրանք գնել ավելի մատչելի գներով ու պայմաններով. «Մինչ այս տարի կոմբայները միջազգային շուկայից ձեռք ենք բերել մոտ 79 հազար դոլարով, իսկ հիմա այդ գինը տատանվում է 45-50 հազար դոլարի սահմաններում: Կոմբայնները հնարավորություն ունենք տնտեսություններին տրամադրել լիզինգով , որի մարման ժամկետը 10 տարի է:

 

Արդեն ութ համայնքներից ստացել ենք լիզինգով կամբայններ գնելու պատվերներ: Թեեւ նախորդ տարի Գեղարքունիքի մարզի 4 համայնքների տրամադրեցինք կոմբայններ, սակայն, կարծում եմ, բազմաթիվ այլ համայնքեր էլ դրանց կարիքը դեռ ունեն, որը հիմա կարող են ձեռք բերել ավելի մատչելի գներով եւ պայմաններով»,-հավաստեց նախարար Սերգո Կարապետյանը:

 

 

Խոսրով Խլղաթյան