Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Երթ հանուն արդարության» խորագրով երթ կկազմակերպվի ԱՄՆ հայաշատ Լոս Անջելես քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, երթը կմեկնարկի ապրիլի 24-ին «Լիթլ Արմենիա» թաղամաս ից: Այդ շրջանը ներկայացնող քաղաքային խորհրդի անդամ Միթչ Օ’ Ֆարելը միջնորդություն է ներկայացրել Հայոց ցեղասպանությանը նվիրված 50 ցուցապաստառներ փակցնել երթուղով, որով պետք է անցնեն ակցիայի մասնակիցները:

 

Սակայն այսքանով Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունները չեն սահմանափակվում: Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի առաջին ամերիկահայ անդամ Փոլ Գրիգորյանի հովանու ներքո' «Ամերիկա, մենք շնորհակալ ենք» խորագրով միջոցառում տեղի կունենա Լոս Անջելեսի կենտրոնական գրադարանումˋ նվիրված «Մերձավոր Արևելքի Նպաստամատույցին», որի շնորհիվ բազմաթիվ հայեր են փրկվել Հայոց ցեղասպանության տարիներին: Ապրիլին քաղաքային ավտոբուսների վրա կփակցվեն հարյուրերորդ տարելիցին նվիրված արվեստի մրցույթի հաղթողների աշխատանքները: Քաղաքի այգիներում կտնկվի 100 նռնենի:

 

«Այս կերպ Լոս Անջելեսն աննախադեպ հանձնառություն է ցուցաբերում մեր համայնքինˋ պատմելով մեր պատմությունը: Ես հպարտ եմ, որ օգնել եմ այս ամենն իրականացնել»,- ասել է Գրիգորյանը: