Երևանում և մարզերում տաքսի ծառայություն մատուցող վարորդների համար սահմանված է պետական տուրքի վճարումների տարբերակված սկզբունք' Մարդատար-տաքսի ավոտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումը կանոնակարգող «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխությունների համաձայն:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Երևանում տաքսի ծառայություն մատուցելու համար սահմանվել է 12 հազար դրամ ամսական տուրք, եռամսյակային կտրվածքով՝ 34 հազար, տարեկան՝ 120 հազար դրամ: Հանրապետության մյուս՝ 49 քաղաքներում, ամսական տուրքը կազմում է 8 հազար, եռամսյակայինը՝ 23 հազար, տարեկանը՝ 80 հազար դրամ: 700 գյուղական համայնքներում տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք ամսվա ավարտին կվճարեն ավելի քիչ՝ 5 հազար դրամ: Եռամսյակի և տարեկան տուրքի համար վճարվող գումարները ևս ավ ելի պակաս են. համապատասխանաբար՝ 13 հազար 500 և 45 հազար դրամ:

 

 

Օրենքում տարբերակված մոտեցում է ցուցաբերվել 183 սահմանամերձ բնակավայրերի տաքսու վարորդներին: Ամսական տուրքը նրանց համար կազմում է 4 հազար դրամ, եռամսյակայինը՝ 9 հազար, տարեկանը՝ 30 հազար դրամ: Տարածված լուրերը, թե օրենքով վարորդներին պարտադրվում է հանրապետության հեռավոր մարզերից հասնել մայրաքաղաք՝ հաշվիչները ստուգաչափելու համար, իրականությանը չեն համապատասխանում:

 

 

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության ղեկավարը հերքում է շրջանառվող ասեկոսեները. «Չափագիտության ազգային ինստիտուտն ունի մշտական բաժիններ, որոնք գործում են և զբաղվում են նաև տաքսու հաշվիչների ստուգաչափման աշխատանքներով»: Հարկ եղած դեպքում Վանաձորում, Գյումրիում, Կապանում և Գավառում ներկայում գործող մշտական բաժինների աշխարհագրությունը կարող է ընդլայնվել:

 

 

Չափագիտության ազգային ինստիտուտը պատրաստ է իր մասնագետներին գործուղել հանրապետության ցանկացած քաղաք՝ ստուգաչափման գործընթացը տեղում իրականացնելու համար: Տաքսու վարորդներին արագ սպասարկելու համար ոչ միայն մարզերում, այլ նաև մայրաքաղաքում բացվել են հավելյալ բաժիններ՝ հետևյալ հասցեներում' Քաղաք Երևան, Ազատության պողոտա 10/1 հասցեում, քաղաք Երևան, Գուրգեն Մահարի փողոց 1/1 հասցեում, Տաքսիստների ասոցիացիայի հետ կա պայմանավորվածություն, որ սպասարկող անձնակազմ գործի նախկին տաքսապարկի տարածքում՝ Ջուղայի 8 հասցեում: Մեկ հաշվիչի ստուգաչափման արժեքը 2 հազար 400 դրամ է՝ (ներառյալ ԱԱՀ):