Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Գրիգոր Գևորգյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Համլետ Թադևոսյան. ՀՀ այս քաղաքացիները զոհվեցին Երևանի կենտրոնում 2008թ. Մարտի 1-ին:

Այսօր լրանում է Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 7-րդ տարելիցը:

 

 

2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո պաշտոնական տվյալներով պարտություն կրած ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սկսվեցին շուրջօրյա հանրահավաքներ, նստացույց: Ընդդիմությունը բողոքարկում էր ընտրությունների պաշտոնական արդյունքները, պահանջում արտահերթ ընտրություններ:

 

 

9 օր շարունակվող խաղաղ նստացույցից հետո՝ Մարտի 1-ի առավոտյան, ոստիկանությունն Ազատության հրապարակից ցրեց ցուցարարներին: Բողոքի ակցիան շարունակվեց Մյասնիկյանի արձանի հարևանությամբ, ինչին հաջորդեց բախումը ցուցարարների և ոստիկանության միջև:

 

 

Տխուր էր գարնան առաջին օրվա լուսաբացը, իսկ օրվա վերջը՝ ավելի դաժան։ Մարտի 1-ի երեկոյան սկսված և մարտի լույս 2-ի գիշերը շարունակված բախման հետևանքով զոհվեց 10 մարդ, այդ թվում՝ 2 զինվորական: Հայտարարվեց 20-օրյա արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ:

 

 

Անցել է արդեն 7 տարի, բայց դեռ բացահայտված չեն 10 զոհերի սպանության հանգամանքները, պատժված չեն սպանությունների մեղավորները:

Չնայած իշխանությունները հաճախ հայտարարում են, որ Մարտի 1-ի էջն արդեն փակված է, այնուամենայնիվ, ընդդիմությունն ու զոհերի հարազատները հայտարարում են, որ քանի դեռ մեղավորները չեն բացահայտվել և պատժվել, այդ էջը փակված համարել չի կարելի:

 

 

Հիշեցնենք, որ Մարտի 1-ին, ժամը երեքին, ՀԱԿ-ը հրավիրում է հանրահավաք' Ազատության հրապարակում:

Նշենք, նաև, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով' մարտի մեկին կայանալիք հանրահավաքը ստուգատես է՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարողներին հրապարակ դուրս գալու համարիս, իսկ Տեր-Պետրոսյանը հանրությանը «շատ լուրջ խոսք ունի ասելու»: