Այսօր ԳԱԱ շենքի դիմաց հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ մի քանի հայտարարությամբ: Նա նախ նշեց, որ ՌԴ-ում գործող «Գոլոս Ռոսիի» պետական ռադիոկայանը առանց նախապես զգուշացնելու, միակողմանի խախտելով երկարարաժամկետ պայմանագրի դրույթները՝ խզել է իր տնտեսական հարաբերությունները «Ռադիո-հայ» ռադիոընկերության հետ, որի տնօրենն է հանդիսանում ինքը:

«Իմ հացադուլի պատճառով է, որ նրանք խզել են կապերը «Ռադիո-հայ»-ի հետ: Ես գտնում եմ, որ դա մի օրինակ է, երբ այլ պետության կողմից փորձում են ճնշում գործադրել Հայաստանում ընտրություններին մասնակցող թեկնածուների վրա: Այս ամենը ցավալի է, քանի որ «Գոլոս Ռոսիի» ընկերության հետ համագործակցությունն էական էր, այն ապահովում էր մեր եկամուտների զգալի մասը, և ես այս ամենը շատ բասական եմ գնահատում»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Պատասխանելով ԳԱԼԱ-ի այն հարցին՝ արդյո՞ք ռուսական ընկերության կողմից պայմանագրի խզումը կապված է իշխանությունների ճնշումների հետ, Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ բոլոր տեսակի հետևությունները թողնելով լրագրողներին, այնուամենայնիվ գտնում է, որ Ռուսաստանը ակտիվ մասնակից է Հայաստանում ընթացող ընտրություններին, անհրաժեշտության դեպքում նման մեթոդներով ճնշում գործադրելով:

Անդրիաս Ղուկասյանի երկրորդ հայտարարությունը կապված էր Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակի հետ, որտեղ օգտագործվել էր կադրեր նաև Անդրիաս Ղուկասյանի հացադուլից:

«Ես դրա վերաբերյալ վաղը դիմում-բողոք եմ ներկայացնելու ԿԸՀ: Դա մոլորություն է ստեղծում քաղաքացիների մոտ, թե իբրև ես և իմ համախոհներն աջակցում ենք Սերժ Սարգսյանին »,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Երրորդ հայտարարությամբ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ հացադուլը շարոնակելու է մինչև ընտրությունների ավարտը, սակայն հացադուլի 15-րդ օրը երկու ժամով բացակայելու է հացադուլի վայրից՝ հիգիենայի հետ կապված խնդիրների պատճառով: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին՝ եռօրյա հացադուլի միջոցով իր զորակցությունը հայտնելու համար, կարծիք հայտնելով, որ Շանթ Հարությունյանի հետ հնարավոր է հետագա համագործակցություն, քանի որ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարում անհրաժեշտ է բոլոր քաղաքացիների ջանքերի միավորումը:

Մելանյա Մելքումյան