Բորիս Նեմցովն ավելի քան երկու շաբաթ առաջ մտավախություն է ունեցել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կպատվիրի իր սպանությունը: Իր այս մտավախություններով փետրվարի 10-ին նա հրապարակայնորեն կիսվել է Sobesedniki-ի հետ հարցազրույցում:

 

 

«Ես երբեք չեմ թաքցրել քաղաքական հայացքներս: Կարծում եմ, որ Պուտինն է սկսել պատերազմն Ուկրաինայում: Նրա հանդեպ չափազանց վատ վերաբերմունք ունեմ: Հատկապես «Նորդ-Օստի» և Բեսլանի իրադարձություններից հետո»,-ասել է Նեմցովը:

 

 

Նա խոստովանել է, որ քաղաքականության մասին հաճախ խոսել է իր մոր հետ:

«Մայրս կտրականապես դեմ է այն բանին, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կարծում է, որ դա աղետ է և պարզապես սարսափելի: Բայց ամենաշատը նրան մտահոգում է Պուտինը: Ամեն անգամ, երբ զանգահարում են նրան, նա ասում է՝ ե՞րբ կդադարես հայհոյել Պուտինին: Նա կսպանի քեզ: Եվ դա՝ միանգամայն լուրջ»,- ընդգծել է Նեմցովը:

 

 

Քաղաքական գործչի խոսքերով՝ մայրն իսկապես մտավախություն է ուենցել, որ Պուտինը կարող է սպանել իրեն առաջիկայում իր ելույթների պատճառով՝ ինչպես իրական կյանքում, այնպես էլ սոցկայքերում: «Եվ դա, կրկնում եմ, կատակ չէ: Նա շատ խելացի մարդ է»,- ասել է Նեմցովը:

 

 

Այն հարցին, թե մոր հետ խոսելիս արդյոք կիսե՞լ է նրա մտավախությունը, Նեմցովը պատասխանել է.

«Գիտեք՝ այո՛… Մի քիչ… Ոչ այնքան համոզիչ, որքան մայրս, բայց ամեն դեպքում… Բայց ես նրանից շատ չեմ վախենում: Եթե ես շատ ուժեղ վախենայի, ապա հազիվ թե գլխավորեի ընդդիմադիր կուսակցությունը, հազիվ թե զբաղվեի այն ամենով, ինչով զբաղվում եմ»: