Նավթի համաշխարհային գների ավելի անկման հնարավորության մասին կանխատեսումները տագնապ են առաջացրել Ադրբեջանում: Օրերս տեղեկություններ են տարածվել, որ առաջիկա շաբաթներին Brent եւ WTI տեսակի նավթի մեկ բարելը կարող է էժանանալ մինչեւ 30 դոլար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' նման կանխատեսումով հանդես են եկել Bank of America բանկի փորձագետները' դրա համար որպես պատճառ նշելով այն, որ աշխարհի նավթային պահեստները լի են նավթամթերքով:

 

Բանկի ղեկավարներից Ֆրանցիսկո Բլանշը նշել է, որ ԱՄՆ-ում նավթի օրական պահանջարկը մոտ 1,4 մլն բարել է: ԱՄՆ-ի Նավթի ինստիտուտի տվյալներով' երկրի նավթային պահուստները, վերջին մեկ շաբաթվա ընթացքում 8,9 մլն բարելով ավելանալով, հասել են 437 մլն բարելի:

 

Այդ առնչությամբ ադրբեջանական «Ազադլըգ» թերթը հարցնում է, որ եթե նավթի գինը ներկայում իջել է 60 դոլարի եւ Ադրբեջանում սոցիալ-տնտեսական անտանելի վիճակ է առաջացել, ապա այն 30 դոլարի իջնելու դեպքում, ինչպիսի՞ վիճակ կլինի երկրում:

 

Թերթի հետ զրույցում ադրբեջանցի տնտեսակետ-փորձագետ Օգթայ Հագվերդիեւը հիշեցրել է, որ պաշտոնական շրջանակներն արդեն խոստովանել են, որ եթե մինչեւ այս տարեվերջ նավթի գինը մնա 60 դոլարի սահմաններում, Ադրբեջանի կորուստը կկազմի 6-7 մլրդ դոլար, իսկ եթե նավթի գինն իջնի 30 դոլարի, ապա Ադրբեջանի պետական բյուջեն, կարելի է ասել, կվերանա:

 

«Նավթի մեկ բարելը 30 դոլարի իջնելու դեպքում, Ադրբեջանը կկանգնի աղետի առաջ: Դրան կարող է օգնության գալ արտարժույթի պահուստը, սակայն, այս տարի ընտրություններ եւ այլ միջազգային միջոցառումներ են անցկացվելու, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանում սոցիալ-տնտեսական վիճակը խիստ կվատանա», -նշել է տնտեսագետը:

 

Փորձագետները կանխատեսում են, որ նավթի համաշխարհային գներն իջնելու են 40 դոլարից էլ ցածր մակարդակի, եւ հայտնում, որ գների նվազումը տեղի է ունենում կանխատեսվածից ավելի սրընթաց: Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նույամին վերջերս հայտարարել էր, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEK) չի նվազեցնելու արդյունահանումը, եթե անգամ նավթի գներն ընկնեն մեկ բարելի դիմաց 20 դոլարի մակարդակի:

 

Նավթի գների անկման հիմնավոր պատճառը պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցումն է:

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: