Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փետրվարի 27-ին' կեսգիշերին մոտ, ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 12/2 շենքի մոտ երկու կասկածելի տղամարդիկ կան' ձեռնոցներով, անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 4 շենքի մոտից, Ազատության պողոտայի 12/2 շենք ի մի բնակարանից գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1980թ. ծնված Սերգեյ Ս.-ին, իսկ 1966թ. ծնված Արթուր Խ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի: Ոստիկանները հետապնդել են նրան, սակայն Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 4 շենքի մոտ «Շևրոլետ» մակնիշի մի ավտոմեքենա վրաերթի է ենթարկել փախչող Արթուր Խ.-ին և նրան հետապնդող ոստիկանության ծառայողներից մեկին: Արթուր Խ.-ն ձախ սրունքի միջին երրորդի կոտրվածքով և ուղեղի ցնցումով, իսկ ոստիկանության ծառայողը՝ աջ արմնկային հոդի սալջարդով, տեղափոխվել են հիվանդանոց:

 

Խուզարկությամբ Սերգեյ Ս.-ի մոտ հայտնաբերվել են ձեռնոցներ: Պարզվել է, որ նա և Արթուր Խ.-ն ժամը 23.50-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փորձել են բացել նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի պատուհանն ու գողություն կատարել: Սերգեյ Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: