Այս օրերին հաճախ հնչող հարցերից մեկն այն է, թե որտեղից կարող ենք ձեռք բերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ Անմոռուկ ծաղկի տեսքով կրծքանշանները: Թեպետ միջոցառումները համակարգելու համար ստեղծված կայքում զգուշացվում է, որ ապրիլի առաջին օրերին հանրապետության խոշոր հանրախանութներում և կրպակների ցանցում կտեղադրվեն «Անմոռուկ» կրծքանշաններ` դրանք կամավոր նվիրատվությամբ վերցնելու հնարավորությամբ, սակայն շարունակվում է, այսպես ասված,«Անմոռուկի բիզնեսը»: Տեղեկատվություն ունենք, որ Անմոռուկ կրծքանշաններ են վաճառվում դպրոցներում: Կոնկրետ դեպքերից է, օրինակ, Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցը, որտեղ պարտադրվում է գնել և կրել անմոռուկներ, որոնց վաճառքով զբաղվում է հենց հավաքարարը:

 

 

Անմոռուկներն այնքան տարածվեցին և մտան մեր կենցաղ, որ ամենուր կտեսնես խորհրդանիշ ընտրված ծաղկով պատրաստված և վաճառքի հանված իրեր, գովազդներ:  Չնայած օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը, բայց կարծես թե այն բարձիթողի վիճակում է գտնվում կամ օգտագործման իրավունքի տրամադրման կարգն է վատ մշակված: Այլապես համացանցում չէինք տեսնի, օրինակ, դիզայներ Վահան Խաչատրյանի կողմից պատրաստված և վաճառքի ենթակա կանանց շապիկներ` 15000 դրամով (ասես գինն անգամ խորհրդանշական է ընտրված):

 

 

 

 

Ավելին, գնելով 2 շապիկ` կստանաք նվեր` անմոռուկներով թևնոց:

 

 

 

 

Անմոռուկի հետ կապված գովազդի տարբերակ էր ընտրել նաև մի ստոմատոլոգիական կլինիկա` հարգելով ցեղասպանության զոհերի հիշատակը. 1,500,000 հայերի տրամադրվում է 100 % զեղչ ատամնաքարերի մաքրման և ատամների սպիտակեցման ծառայությունների համար: Քննադատություններից հետո կլինիկայի ֆեյսբուքյան էջում պարզաբանում դրվեց, որից կմեջբերենք մի փոքրիկ հատված. ««1.500.000 ժպիտ» միջոցառման խորհուրդն ու նպատակը հետևյալն է՝ բոլորին գեղեցիկ ժպիտ տալ և հորդորել ապրել ուրախ. առանց այդ էլ վատ առիթները շատ են: Պետք չէ վատաբանել: 1.500.000 թիվը խորհրդանշական է. թող թշնամին տեսնի, որ անկախ ամեն ինչից` մենք կարող ենք ապրել ուրախ, քանի որ նրա առաջնային նպատակն է տեսնել մեզ ողբի մեջ»:

 

 

 

Դե իսկ ամենուր պատրաստում-պատրաստում, բայց այդպես էլ շատերը չունեն անմոռուկներ, և հարցն արդիական է մնացել` որտեղից կարող ենք դրանք ձեռք բերել:

Անմոռուկներով «թզբեհ» են պատրաստել, օրինակ, քրեակատարողական հիմնարկներում:

 

 

 

 

Անմոռուկներով թիթեռնիկներ ևս հայտնվեցին համացանցում:

 

 

 

 

Անմոռուկներ վաճառքի հանվեցին նաև list.am-ում, թեպետ հայտարարությունը կարծես թե արդեն հեռացված է կայքից: Ահա այսպես, շարունակում ենք արժեզրկել և, որքան հնարավոր է, հասարակ դարձնել այդքան կարևոր խորհրդանիշը:

Ն. Ա.