Եվրամիությունը 2014-2020 թվականներն ընկած ժամանակաշրջանում 15,4 մլրդ եվրո կծախսի հարեւանության քաղաքականության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ: «2014-2020 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանի համար 15,4 մլրդ եվրո բյուջեով եվրոպական հարևանության նոր Գործիքը Եվրոպայի հարեւանության քաղաքականության ֆինանսական գործիքն Է»,-նշվում Է փաստաթղթում:

 

Հարեւանության եվրոպական քաղաքականությունը սահմանում Է Եվրամիության հարաբերությունները 16 երկրի՝ Ալժիրի, Եգիպտոսի, Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Լիբիայի, Մարոկոյի, Պաղեստինի, Սիրիայի, Թունիսի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ: Ընդսմին, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այս ցուցակում Պաղեստինի գտնվելը չի նշանակում ԵՄ-ի կողմից պաղեստինյան պետության ճանաչում:

 

Եվրակոմիսար Յոհաննես Հանը, հաշվետվություն ներկայացնելով հարեւանության եվրոպական քաղաքականության զարգացման վերաբերյալ, հայտարարել Է, որ ԵՄ-ի հարեւանության նոր քաղաքականությունը պետք Է նվազ մեծամիտ լինի: «Դա պետք Է լինի հավասարների գործընկերություն, մեր քաղաքականությունը չպետք Է խրատական լինի,-ասել Է նա:- Եվրահանձնաժողովը պետք Է հաշվի առնի մեր հարեւան երկրների միջեւ առկա տարբերությունները»:

 

Հանի կարծիքով՝ ԵՄ-ն պետք Է ուսումնասիրի հարեւան երկրների հետ փոխգործակցության զանազան ձեւեր՝ ասոցացման եւ ազատ առեւտրի մասին համաձայնագրերից մինչեւ գործընկերության ընդլայնում:

 

Ըստ ՏԱՍՍ-ի՝ եվրակոմիսարը հայտնել Է, որ Եվրահանձնաժողովը մինչեւ այս աշուն առաջարկություններ կպատրաստի հարեւանության եվրոպական քաղաքականության զարգացման ու արդիականացման վերաբերյալ: