Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը, ով պաշտոնական այցով գտնվում է Բուլղարիայում, այդ երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու «Նաբուկո» նախագիծը վերագործարկելու մասին պայմանագիր են ստորագրել:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է novinite.com լրատվական կայքը:

«Արդեն այսօր մենք պարոն Ալիեւի հետ Եվրահանձնաժողովին կներկայացնենք «Նաբուկո»-ի վերակենդանացման նախագիծը», -լրագրողներին հայտարարել է բուլղար վարչապետը:

 

 

Նա նշել է, որ Բուլղարիան Եվրամիության լոյալ անդամ է, եւ իր երկիրը կատարել է Երրորդ էներգետիկական փաթեթի գծով բոլոր պահանջները, ինչը, մասնավորապես, դրսեւորվել է ռուսաստանյան «Հարավային հոսք» գազային նախագիծը արգելափակելու որոշման մեջ:

 

 

«Բուլղարիան իր այս դիրքորոշումը կցուցաբերի նաեւ «Թուրքական հոսք» խողովակաշարի հարցում, որն իրագործում են Ռուսաստանը եւ Թուրքիան»,- ասել է Բորիսովը:

 

 

Ռուսաստանի «Հարավային հոսք» խողովակաշարին այլընտրանք համարվող «Նաբուկո» խողովակաշարը Ռուսաստանի հզոր դիմադրության եւ այն լցնելու համար բավարար գազ չգտնվելու պատճառով Եվրահանձնաժողովի կողմից պաշտոնապես չեղյալ է համարվել 2013 թվականին:

 

 

Ադրբեջանն իր գազը Եվրոպա փոխադրելու համար Թուրքիայի հետ համաձայնության եկավ Անդրանատոլիական եւ Անդրադրիատիկ (TANAP+TAP) գազային նախագծերի իրականացման հարցում: Սակայն, անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինն Անկարայում հայտատրարեց, որո դադարեցնում են «Հարավային հոսք» նախագիծը, եւ դրա փոխարեն Ռուսաստանից մինչեւ Հունաստանի սահման նույն հզրությամբ «Թուրքական հոսք» կոչված գազատար խողովակաշար կանցկացնեն, ինչը փոխեց բոլոր խաղաքարտերը տարածաշրջանի էներգետիկական քարտեզում: «Նաբուկո» նախագիծը «վերակենդանացնելու» մասին Ալիեւի եւ Բորիսովի' Սոֆիայում արած համատեղ հայտարարությունն, այդ իմաստով, աղմկահարույց բնույթ է կրում: