Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով մարտի 5-ը սգո օր է հայտարարվել Դոնեցկի Զասյադկոյի անվան հանքում զոհված հանքագործների հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ուկրաինական պետության մամուլի ծառայությունը:

 

«Պետության ղեկավարի հրամանագրի համաձայն՝ սգո օրը Ուկրաինայի ամբողջ տարածքում ժամը 12:00-ին զոհվածների հիշատակը կհարգվի լռության րոպեով: Ամբողջ երկրում կխոնարհվեն Ուկրաինայի պետական դրոշները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Զասյադկոյի անվան հանքում պայթյուն Է տեղի ունեցել մարտի լույս 4-ի գիշերը: Դոնեցկի քաղաքապետարանի տվյալներով՝ միջադեպի պահին ածխահանքում եղել է 230 մարդ: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Յուլիանա Բեդիլոն, հաստատված է 24 մարդու զոհվելը, եւս 9 հանքագործների ճակատագիրն անհայտ է մնում:

 

Զասյադկոյի անվան հանքը համարվում է Ուկրաինայի ածխարդյունահանման խոշորագույն ձեռնարկություններից մեկը: Վերջին 15 տարվա ընթացքում հանքում տեղի է ունեցել հինգ խոշոր վթար, որոնց զոհ է դարձել գրեթե 300 մարդ: