ffa.amԱյսօր Կիպրոսի Այա Նապա քաղաքում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի մինչև 15 և 14 տարեկանների հավաքականները: Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը, որը բաղկացած է 2000 թ. ծնված պատանի ֆուտբոլիստներից, այսօր մրցեց ՆՀՀ Մակեդոնիայի Մ-15 հավաքականի հետ, որն ամբողջությամբ կազմավորված էր 1999 թ. ծնված պատանի ֆուտբոլիստներից: Մեր հավաքականը պարտվեց 1:2 հաշվով: Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականն իր հերթին 1:3 հաշվով զիջեց Կիպրոսի հավաքականին, որոնց ֆուտբոլիստները նույնպես 1-1.5 տարով մեծ էին մեր խաղացողներից:
Ընդհանուր առմամբ, մրցաշարը հիանալի հնարավորություն էր ընդամենը մի քանի ամիս առաջ կազմավորված մեր հավաքականների ֆուտբոլիստների համար միջազգային փորձ ձեռք բերելու տեսանկյունից: Քանի որ մրցաշարն անցկացվում էր առանց միավորների և ավելի շատ միտված էր պատանի ֆուտբոլիստների որակների զարգացմանը և փորձ ձեռք բերելուն, մրցաշարին մասնակցում էին նաև տարիքով ավելի մեծ ֆուտբոլիստներ: