Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում մարտի 6-ին մեկնարկեցին երիտասարդների համար նախատեսված 8-շաբաթյա անվճար «Ինովացիոն բիզնես գաղափարների մշակման և ձեռներեցության» դասընթացները: Դրանք կազմակերպվում են ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվ ող «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում:

 

 

Դասընթացների բացմանը ներկա էին նշված ծրագրի ազգային համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը, դրանք իրականացնող բիզնես-ոլորտի մասնագետները և դաընթացների մասնակից 96 երիտասարդ:

 

 

Միջոցառման ժամանակ քննարկվեց բիզնես-դասընթացների ուսուցողական պլանը« ներկայացվեցին դասընթացները իրականացնող բիզնես և մաքուր տեխնոլոգիաների ոլորտների առաջատար մասնագետները, խոսվեց նաև դասընթացների նպատակի և ապագա նախագծերի մասին:

 

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ծրագրի ազգային համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը՝ նշելով, որ դասընթացները իրականացվելու են Գյումրիում գործող «Մաքուր տեխնոլոգիաների սկսնակ բիզնեսների ակսելերացիոն ծրագրի» շրջանակներում և անցկացվելու են մարտի 6-ից մինչև մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում՝ շաբաթական մեկ անգամ:

 

 

Դասընթացները մեծ հետաքրքրություն են առաջացրել երիտասարդների շրջանում. մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 120 երիտասարդ ոչ միայն Գյումրիից, այլև Երևանից և Վանաձորից: Արդյունքում' ընտրվել են 96 ուսանողներ, ովքեր հատուկ մշակված ուսուցողական պլանի իրականացման արդյունքում կարճ ժամանակահատվածում կկարողանան գործնականում օգտագործել ձեռք բերված գիտելիքները՝ զարգացնելով ձեռներեցության ներուժը Գյումրիում: Մասնակցելով դասընթացներին՝ երիտասարդները կսովորեն ձևավորել բիզնես-գաղափարներ, զարգացնել տեխնոլոգիական նորարարություններ և մշակել կենսունակ բիզնես- մոդելներ:

 

 

«Արմենպրես»-ին տեղեկացնելով ծրագրի առանձնահատկության մասին' Ֆրունզիկ Ոսկանյանը հավելեց, որ այն ուղղված է երիտասարդների շրջանում մաքուր տեխնոլոգիաների նորարարական գաղափարների զարգացմանը և ձեռներեցության խթանմանը:

 

 

Դասընթացների ավարտին բոլոր մասնակիցներին կշնորհվեն վկայականներ, իսկ լավագույն մասնակիցները նաև հնարավորություն կստանան մասնակցելու «Մաքուր տեխնոլոգիաների սկսնակ բիզնեսների ակսելերացիոն ծրագրին» և մրցելու դրամաշնորհների համար:

 

 

Արմենուհի Մխոյան