Թուրքիայում նախընտրական թեժացումները, Էրդողանի անվան շուրջ գրանցվող զարգացումները, ինչպես նաև Գալիպոլիի միջոցառումների ձախողման մասին շշուկները մի քանիսն են այն կարևոր թեմաներից, որոնք այս շաբաթ տեղի ունեցան Թուրքիայում: «Արմենպրես»-ը հետևել է այդ իրադարձություններին՝ առանձնացնելով դրանցից ամենաուշագրավները:

 

Շաբաթվա սկզբին Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ հետաքրքիր հայտարարությամբ' Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ: Նա հայտարարեց, որ թեև իրավաբան չէ, սակայն տեսնում է, որ «Ակոս»-ի հայ խմբագրապետի սպանությունը ոչ թե սովորական դեպք է եղել, այն կանխամտածված հանցագործություն:

 

Շուտով Էրդողանը հայտնվեց մի հետաքրքիր պատմության կիզակետում. դատարանը 10 հազար լիրա (շուրջ 4,000 ԱՄՆ դոլար) տուգանք սահմանեց Թուրքիայի Նախագահի համար' հայ-թուրքական հաշտեցմանը նվիրված արձանը վիրավորելու, այն «հրեշավոր» անվանելու համար:

 

Այս շաբաթ Էրդողանի անվան շուրջ պտտվող հետաքրքրական տեղեկություններից էր նաև այն, որ Էրդողանին հրամցվող ուտելիքը և խմիչքները նախապես փորձվում են հատուկ համտեսողների կողմից, որպեսզի դրանք հանկարծ թունավորված չլինեն: Հայտնի դարձավ, որ նոր նախագահական պալատում կա հինգ մարդուց բաղկացած հատուկ «շտապօգնության անձնակազմ», որն օրվա 24 ժամին հետևում է Էրդողանի ուտելիքների և խմիչքների անվտանգությանը:

 

Այս շաբաթ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով գտնվում էր ԱՄՆ-ում: Հանդիպելով տեղի թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ նա բաց չէր թողել հարմար պահը և հորդորել էր նրանց համախմբվել, «ուս ուսի տալ» Ցեղասպանության 100-րդ տարելիցին տարվող աշխատանքների հարցում: Հետաքրքիր է, որ կազմակերպված հանդիպմանը, Դավութօղլուի պատվիրակությունը հանկարծակիի է եկել, երբ հյուրանոցի մուտքո ւմ նրանց դիմավորել են բողոքի ակցիայի մասնակիցները: Դավութօղլուն և նրան ուղեկցող թուրքական կառավարության երկու նախարարներն ու Ստամբուլի քաղաքապետը ստիպված հյուրանոց են մտել հետնամուտքով:

 

Թուրքիայի Կոնիա նահանգում այս շաբաթ իրականացվող թուրք-ադրբեջանական զինավարժությունների ժամանակ մարտի 5-ին ռազմական ինքնաթիռ կործանվեց, որի երկու օդաչուներն էլ զոհվեցին: Ինքնաթիռի կործանվելու պատճառը դեռևս հայտնի չէ:

Շաբաթը թուրքական ինքնաթիռների համար անհաջող էր. «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը հերթական անհաջող վայրէջքը կատարեց' այս անգամ Նեպալի օդանավակայաններից մեկում: Անհաջող վայրէջքից հետո ինքնաթիռը դուրս եկավ թռիչքավայրէջքային ուղուց, ինչի արդյունքում մեկ ուղևոր վիրավորվեց: Ինքնաթիռի ուղևորներին տարհանեցին, վիրավորին տարան հիվանդանոց:

 

Թուրքիայում ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երկրի քաղաքական դաշտում շարունակվում են նոր զարգացումները: Թուրքիայի կառավարության երեք նախարար հրաժարական տվեցին' կապված հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ: Նրանք են՝ արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, ներքին գործերի նախարար Աֆգան Ալան, տրանսպորտի և հաղորդակցության նախարար Լյութֆի Էլվանը:

 

Ընտրությունների քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ սկսեց տարածվել տեղեկությունն այն մասին, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը, ում պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2014 թվականի օգոստոսին, մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն: Ըստ թուրքական ԶԼՄ-ների' իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ազդեցիկ դեմքերը ցանկանում են, որպեսզի Գյուլը պատգամավորի թեկնածու առաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում և ակտիվ գործունեություն ծավալի կուսակցութ յան մեջ:

 

Շաբաթվա վերջին թուրքական հակաէրդողանական «Զաման» պարբերականը նոր հրապարակում արեց, որտեղ կրկին գրեց այն մասին, թե երկրում Գալիպոլիի նախապատրաստությունները մտել են փակուղի: Մեջբերելով Չանաքքալեի քաղաքապետի խոսքերը՝ լրատվականը գրեց, որ թեպետ մոտենում է Գալիպոլիի մարտերի հարյուրամյակը, իսկ դեռ երեք տարի առաջ Չանաքքալեի նահանգապետարանում հիմնվել էր այդ աշխատանքները համակարգող կենտրոն, այդուհանդերձ որևէ հստակ դիրքորոշում, կապված հարյուրերորդ տարվա տոնական միջոցառում ների հետ, դեռևս չի կայացվել:

 

 

Ամփոփեց Արաքս Կասյանը