2015 թվականի մարտի 7-ի առավոտյան՝ Շիրակի մարզի Ախուրյանի Քեթի գյուղի ձորում հայտնաբերվել է «Նիսան-Տիանա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ գտնվել է վարորդի՝ 1984 թվականի ծնված Քրիստ Վարդանյանի դիակը՝ ավտոմեքենայի հետևի նստատեղին։

 

Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։

 

Դիակի արտաքին զննությամբ որովայնի շրջանում հայտնաբերվել է միջանցիկ հրազենային վնասվածք։

 

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով: Ստեղծվել է քննչական խումբ։

 

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ սպանության վայրը, բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

 

Հիշեցնենք, որ ՏԿԱԻՆ-ն ավելի վաղ հայտնել էր հետևյալը.

 

«Մարտի 7-ին, ժամը 08.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղում գիշերը տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Բավրա 12-րդ կմ-ի մոտակա ձորակում «Նիսսան» մակնիշի 15QV015 պետհամարանիշով վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է Ք. Վ.-ի (ծնվ. 1984թ.) դին»:

 

Լուսանկարը` Shamshyan.com-ի: