Արդեն երրորդ օրն է' Նեպալի միջազգային օդանավակայանը չի գործում, ինչը հարուցել է մի քանի տասնյակ հազար ուղեւորների դժգոհությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, օդանավակայանի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցրել կառույցի աշխատանքը, մինչեւ տարածքից կհավաքեն թուրքական Turkish airlines ինքնաթիռի հատվածները. ինքնաթիռը Նեպալում անհաջող վայրէջք էր կատարել, ինչի ար դյունքում մի քանի ուղեւոր տուժել է:

 

Ներկա դրությամբ' օդանավակայանում ավելի քան 20.000 մարդ սպասում է իր թռիչքին: Ըստ աղբյուրների, նույնքան մարդ էլ սպասում է այլ երկրների օդանավակայաններում' Նեպալ հասնելու համար: Թե ինչն է պատճառը, որ թուրքական օդանավի մնացորդների հավաքումն այսքան դանդաղ է ընթանում, օդանավակայանից չեն պատասխանել, միայն հավաստիացրել են, որ գուցե օրվա երկրորդ կեսին օդանավակայանը վերսկսի իր գործունեությունը: