ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցածը համարում է իրավիճակի արագ փոփոխություն: Պատգամավորը վստահ է, որ վի ճակն ուղղելու համար մեկ ճանապարհ գոյություն ունի' ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պողոսյանը շեշտեց, որ պետք է ձևավորել իսկապես ուժեղ, հզոր, այլընտրանքային բևեռ:

 

«Ժառանգության» պատգամավորը համամիտ չէ, որ ընդդիմությունը ջախջախված է դուրս եկել պայքարից: «Գնահատականների խնդիր է, ջախջախված է, թե ոչ: Ուղղակի ընդդիմության ընկալումը հանրության մեջ, փետրվարի 20-ն այլ էր, քան այսօր է, բայց մարդիկ կան, որոնք ԱԺ-ում են աշխատում, իրենց տեսակետներն են ներկայացնում, կան արտախորհրդարանական ուժեր: Մինչև փետրվարի 20-ը կար կոնսոլիդացված մոտեցում, տարբեր ուժեր տարբեր մոտեցումներ ունենալով՝ փորձում էին միասին ճանապարհ անցնել։ Հիմա այնպիսի վիճակ է, որ ամեն մեկն իր համար առաձին-առանձին է ճանապարհն անցնում : Կարծում եմ, որ կոնսոլիդացում պետք է կլինի՝ հաշվի առնելով երկրի ապագա զարգացումը»,- ընդգծեց պատգամավորը' հավելելով, որ չի ցանկանում ԲՀԿ-ում վերջին շրջանում կատարվածի վերաբերյալ կարծիք հայտնել:

 

Արդեն ավարտված գործողության մասին խոսելն, ըստ Պողոսյանի, սխալ է եւ իր ոճը չէ: «Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ որոշումներ կայացնող ԲՀԿ քաղաքական բուրգը ինչ-որ մի բան ճիշտ չէր հաշվարկել, դրա համար էլ եղավ այն, ինչ եղավ»,- ասաց Պողոսյանը' միաժամանակ հավելելով, որ ԲՀԿ-ն աշխատանքով պետք է ապացուցի, որ ընդդիմություն է:

 

Թե ինչ կլինի ընդդիմադիր եռյակի հետ, պատգամավորը տեղեկություն չունի: Իր կուսակցությունը մասնակցում է եռյակի աշխատանքներին, ինքը' ոչ: Հոկտեմբերից անձնապես դուրս է եկել եռյակից եւ խորհուրդ է տալիս եռյակի գործունեության մասին հարցերն ուղղել Արմեն Մարտիրոսյանին եւ Ռուբեն Հակոբյանին: