ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին Չեխիայի Հանրապետության Երաժշտության ազգային թանգարանում մասնակցել է Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացմանը:

 

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկը, Պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովան և Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը:

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ինչպես նաեւ չեխական կողմի ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով:

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայ և չեխ ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդման համար Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային, հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության գործում նշանակալի ավանդի համար Չեխիայի Պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովային և հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար Չեխիայի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով:

 

Նշենք, որ ԱԺ պատվիրակության կազմում են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: