Քրդական փեշմերգա ուժերը մարտի 9-ին «Իսլամական պետության» վերահսկողությունից ազատագրել են Սախրա, Իսմայիլ գյուղաքաղաքները, ինչպես նաև Քիրքուքի հարավում գտնվող բարձունքները:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, փեշմերգա ուժերը հարձակում են գործել նաև Քիրքուքի հարավում գտնվող Քաբիբա, Թել ալ Ուարդ, Մարյամ Բաք, Մալա Աբդալլահ շրջանների ԻՊ-ի դիրքերի վրա:

 

 

Իրաքյան ուժերը Սալահ ադ Դին մարզում ավելի քան 120 կմ տարածք են ետ գրավել ԻՊ-ից: Ներքին գործերի նախարարության տեղեկություններով, Դուր շրջանում ռազմական գործողություններն ավարտվել են, և իրաքյան ուժերը շարժվել են Իլմ շրջանի ուղղությամբ: Իրաքյան ուժերը շրջապատել են Սալահ ադ Դին մարզի մարզկենտրոն համարվող Թիքրիթ քաղաքը և պատրաստվում են վճռական հարձակման: Պաշտպանության նախարարության տեղեկություններով, օդային ուժերի ռմբակոծության հետևանքով 150 զինյալ են սպանվել, ոչնչացվել են նրանց 25 փոխադրամիջոցները:

 

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: