Գերմանիան մտադիր է լիովին աջակցել Մոլդովային բարեփոխումների անցկացման և մերձդնեստրյան հակամարտության կարգավորման հարցում: Մոլդովայի Ասոցացման մասին համաձայնագիրը ԵՄ-ի հետ եղել է համագործակցության, այլ ոչ թե ինտեգրման առաջարկ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Մենք չենք խոսում Եվրամիություն մտնելու մասին, այլ ավելի շուտ Մոլդովայի՝ ավելի խորը համագործակցության, երկրի արդիականացման առաջարկի մասին»,- հայտարարել է գերմանացի դիվանագետը Ռումինիայի նախագահի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

 

Շտայնմայերը հավելել է, որ Մոլդովան մոտ հեռանկարում չի ստանա ԵՄ մտնելու հնարավորություն, սակայն Գերմանիան կաջակցի տնտեսական բարեփոխումներին և մերձդնեստրյան հակամարտության կարգավորմանը:

 

Մենք կշարունակենք «5+2» ձևաչափով (Մոլդովա, Մերձդնեստր, ԵԱՀԿ, Ռուսաստան, Ուկրաինա և ԱՄՆ-ից ու ԵՄ-ից դիտորդներ) մերձդնեստրյան կարգավորման հարցով բանակցային գործընթացին ակտիվ մասնակցությունը»,- նշել է նա:

 

Հիշեցնենք, որ Մոլդովան 2014 թվականի հունիսի 17-ին Բրյուսելում ստորագրել է Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիր, որը նախատեսում է միացում Եվրոպայի խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն: