Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է սինթետիկ մոնոբյուրեղային շափյուղա (սապֆիր) արտադրող «Աստրա Կրիստալս» ժամանակակից բարձր տեխնոլոգիական ձեռնարկություն, որի արտադրանքը կիրառվում է էլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, ոսկերչության և այլ ոլորտներում:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառ ավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանի արտադրամասերում և լաբորատորիայում, ծանոթացել սինթետիկ շափյուղայի աճեցման գործընթացին, արտադրական հնարավորություններին, առաջիկա ծրագրերին և ընդլայնման հեռանկարներին:

 

 

Նշվել է, որ աշխարհում 10 երկիր է տիրապետում սինթետիկ սապֆիրի արտադրության տեխնոլոգիային, որոնց թվում է նաև Հայաստանը: Ընդգծվել է, որ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ սինթետիկ սապֆիրի արտադրության զարգացումը հեռանկարային կարող է լինել Հայաստանի համար, քանի որ աշխարհում գնալով ավելանում է սինթետիկ սապֆիրի օգտագործման ծավալը լուսադիոդների, սմարթֆոնների և սմարթ ժամացույցների էկրանների արտադրությունում:

 

 

Ընկերության ղեկավարությունը նշել է, որ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ավելացնել բյուրեղ աճեցնող սարքավորումների քանակը՝ ներկայիս 11-ից հասցնելով 40-ի, ստեղծել վերամշակման արտադրամաս և կազմակերպել սեփական հումքի արտադրություն: