Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, որը մարտի 9-ին պարգևատրվել է Պատվո շքանշանով, շնորհակալություն է հայտնել ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինին և իրեն անվանել «Ռուսաստանի նախագահի զինվորը»:

 

 

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Չեչնիայի Հանրապետությունում հաստատված խաղաղությունն ու կայունությունը Վլադիմիր Վլադիմիրովիչի վաստակն է: Միայն Նրա իմաստուն քաղաքականությունը, նրա օգնությունն ու աջակցությունն են թույլ տվել հասնել կայուն խաղաղության, վերածնել հանրապետությունը, նրա տնտեսությունը, մշակույթը և հոգևոր կյանքը», - «ՎԿոնտակտե»-ում գրել է Քադիրովը:

 

 

Չեչնիայի ղեկավարն իրեն անվանել է «Ռուսաստանի նախագահի զինվորը», ընդգծելով, որ ինքը միշտ կմնա Վլադիմիր Պուտինի հավատարիմ զինակիցը՝ «անկախ այն բանից՝ նախագահ է նա, թե ոչ»:

 

 

«Կյանքը հանուն այդպիսի մարդու զոհելն ամենահեշտ խնդիրն է: Ես հավատացնում եմ, որ կկատարեմ ցանկացած հրաման, հանուն նրա կլուծեմ ցանկացած բարդ խնդիր, ինչ էլ որ լինի»,-գրել է Քադիրովը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: