Ռուսաստանը վերստին կարող է դառնալ Մեծ Բրիտանիայի անվտանգության գլխավոր սպառնալիքը: Այդ մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

Նրա խոսքով՝ այժմ երկրի հատուկ ծառայությունները քայլեր են ձեռնարկում իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար:

 

 

«Մոտ ապագայում Ռուսաստանի մտադրությունների և հնարավորությունների վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքումը մնում է մեր հատուկ ծառայությունների կենսականորեն կարևոր խնդիրը: Զարմանալի չէ, որ այժմ մենք ռուսախոս գործակալների ենք վարձում»,- ասել է նախարարը:

 

 

Մարտի սկզբին Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է անվտանգության լուրջ սպառնալիք ներկայացնել Եվրոպայում: Նրա կարծիքով՝ ԵՄ-ն, ներառյալ Շվեդիան, պետք է Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականություն վարի, ընդ որում՝ չհրաժարվելով երկխոսությունից:

 

 

Մարտի 8-ին Welt am Sonntag հրատարակությանը տված հարցազրույցում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կոչ է արել ստեղծել միասնական եվրոպական զորքեր: «Այդ բանակը մեզ կօգնի մշակել ընդհանուր արտաքին քաղաքականություն և անվտանգության քաղաքականություն, ինչպես նաև միասին պատասխանատվություն կրել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համար»,-հայտարարել է նա:

 

 

Բացի այդ, Յունկերի կարծիքով, այդպիսով Եվրոպան Ռուսաստանին ցույց կտա, որ լրջորեն է վերաբերվում եվրոպական արժեքների պաշտպանությանը: