Հայաստանյան բանկերում իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդները 2014 թվական վերջին կազմել են 1 տրլն 604 մլրդ դրամ: Դրա 29.5 տոկոսը կազմել են ցպահանջ, իսկ 70.5 տոկոսը' ժամկետային ավանդները:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկ, իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները 2014 թվականի վերջին եռամսյակի ընթացքում ավելացել են 5 տոկոսով և կազմել 560.5 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները ավելացել են 6.1 տոկոսով և կազմել 1 տրլն 43.7 մլրդ դրամ:

 

 

Ըստ արժութային կառուցվածքի' դրամային ավանդները նվազել են 7.5 տոկոսով, իսկ արտարժութային ավանդներն ավելացել են 11.7 տոկոսով: Արդյունքում' արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 3.9 տոկոսային կետով' եռամսյակի վերջին կազմելով 72.6 տոկոս: Ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում համեմատաբար բարձր' 4.5 տոկոսային կետով ավելացել է բանկերի (ներառյալ' ԿԲ) նկատմամբ պարտավորությունների կշիռը և 4.1 տոկոսային կետով նվազել ֆիզիկական անձանց ավանդների տեսակարար կշիռը: