Արդեն մոտ մեկ տարի է, ինչ Պոլիտեխնիկը չունի ռեկտոր: Ներկայումս համալսարանը ղեկավարում է ռեկտորի ժ/պ Հովհաննես Թոքմաջյանը՝ Շինարարական համալսարանի նախկին ռեկտորը, ում վրա դրվել էր Պոլիտեխնիկ և Շինարարական համալսարանների միացման առաքելությունը:

 

Թոքմաջյանի՝ Պոլիտեխնիկ գալուց հետո, շատ կարճ ժամանակ անց, պարզ դարձավ, որ նոր տեխնիկական համալսարանի ստեղծումը չի իրականանա, քանի որ դրան կտրականապես դեմ է Շինարարական համալսարանի կոլեկտիվը: Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Թոքմաջյանը Շինարարական համալսարանը ղեկավարել է «տնամերձի» նման. համալսարանի ներսում իր բազմաթիվ բարեկամներ զբաղեցրել են ղեկավար պաշտոններ:

 

Պոլիտեխնիկ և Շինարարական համալսարանների միացման գործընթացի փաստացի ձախողումը, ինչպես նաև Թոքմաջյան-Ռուզաննա Հայրապետյան հայտնի սեքս սկանդալը, շատերի կարծիքով հանգեց նրան, որ շուտով նախատեսված մրցույթում Թոքմաջյանը հազիվ թե ընտրվի Պոլիտեխնիկի ռեկտոր: Շինարարական և Պոլիտեխնիկ միասնական համալսարանի ռեկտորի պաշտոնում իրեն տեսնել ցանկացող Թոքմաջյանը, կորցնելով Շինարարական համալսարանը, ամենայն հավանականությամբ կկորցնի նաև Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնը:

 

Այդուհանդերձ Հ. Թոքմաջյանը կիրառում է բոլոր եղանակները ռեկտորի պաշտոն ունենալու համար: Որքան մոտենում են Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության օրերը, այնքան քաղցրանում են կենացները: Խախտելով մի շարք նորմեր՝ ազատեց աշխատանքից Պոլիտեխնիկի ներսում իրեն հիմնական ընդդիմադիրներին, դրանով իսկ հարուցելով մի շարք դատական պրոցեսներ: Համալսարանի հոգաբարձուների խորհրդում իր ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ ապահովելու միտումով պայմանավորված ռեկտորի ժ/պ-ն փորձեց կազմալուծել պոլիտեխնիկի ուսանողական խորհուրդը: Միայն նախարար Արմեն Աշոտյանի անմիջական միջամտության շնորհիվ հաջողվեց խուսափել Թոքմաջյանի և Պոլիտեխնիկի ուսխորհրդի միջև կոշտ և անմիջական առճակատումից:

 

Այժմ, ուսանողների հետ իր հարաբերությունները խարխլած ռեկտորի ժ/պ-ն, ցանկանում է գոնե պրոֆեսորադասախոսական կազմի կտրվածքով կառավարման խորհրդում ունենալ իրեն միարժեքորեն կողմ ձայներ: Հովհաննես Թոքմաջյանը չի հավատում, որ նույնիսկ իր ձևավորած գիտական խորհրդում, նա կարող է կառավարման խորհուրդ անցկացնել իր համար ցանկալի անձանց և, որ հանկարծակի այնտեղ չեն հայտնվի իր ռեկտոր դառնալուն դեմ դասախոսներ: Չվստահելով գիտական խորհրդին Թոքմաջյանը գնում է աննախադեպ քայլի. Պոլիտեխնիկի կառավարման խորհրդի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կտրվածքով 8 անդամների ընտրությունը Պոլիտեխնիկի գիտական խորհրդում իրականացվելու է բաց քվեարկությամբ:

 

Կառավարման խորհրդի անդամների բաց քվեարկությամբ ընտրություն անցկացնելը բացառիկ երևույթ է, առավել ևս այն պարագայում, երբ ֆակուլտետների և ամբիոնների մակարդակով թեկնածուների առաջադրումը կատարվում է փակ քվեարկությամբ: Հասկանալի է, որ ռեկտորի ժ/պ-ն իր այս քայլով փորձում է ահաբեկել կոլեկտիվին՝ հարկադրելով ձայները տալ Թոքմաջյանի համար ցանկալի անձանց: Բոլորի հիշողություններում դեռ թարմ է այն դեպքը, երբ պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանի հաստիքի կրճատման հետ կապված բաց քվեարկության ժամանակ Թոքմաջյանին դեմ գնացած գիտական խորհրդի անդամները ռեկտոր ժ/պ-ի կողմից պատժվեցին, մասնավորապես՝ հարկադրված եղանակով նրանցից շատերը չընդգրկվեցին նոր ձևավորված գիտական խորհրդում:

 

Ներկայումս պոլիտեխնիկցիներին հուզում է հետևյալ հարցը. պատրաստվում է արդյոք այս ամենին միջամտել նախարար Աշոտյանը, թե՞ Թոքմաջյանին թույլատրվելու է մինչև ընտրություն շարունակաբար այլասերել Պոլիտեխնիկի կոլեկտիվի և ուսանողության միջավայրը:
















Վլադիմիր Խոյեցյան