Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ մարտի 5-ին Քոնիայում թուրք-ադրբեջանական օդուժերի զինավարժանքների ժամանակ F-4 ռազմական ինքնաթիռի աղետի ենթարկվելու պատճառը եղել է օդաչուների սխալը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

 

«Թեև հետաքննությունն ավարտված չէ, սակայն, թռիչքակազմի և տեխնիկական ծառայությունների ղեկավարների ցուցմունքները խոսում են այն մասին, որ դա օդաչուի սխալն էր, այլ ոչ թե տեխնիկայի»,- ասել է նա:

 

Նախարարի խոսքով' ռազմական ինքնաթիռների հետ ավիացիոն միջադեպերի մոտ մեկ երրորդը տեղի է ունենում օդաչուների սխալների պատճառով: Նա ընդգծել է կադրեր պատրաստելու կարևորությունը' նման վթարների կանխման համար:

 

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ, չնայած նման աղետներին, թուրքական օդուժը չի հրաժարվելու F-4 կործանիչներից և շարունակելու է դրանք օգտագործել մինչև 2020 թվականը:

 

Թուրքիայի Քոնիայի նահանգում անցկացվող թուրք-ադրբեջանական օդուժերի «ԹուրԱզ արծիվ-2015» համատեղ զինավարժանքներին մասնակցող թուրքական օդուժի F-4E 2020 ռազմական ինքնաթիռն ընկել էր Քոնիա-Աքսարայ մայրուղու 22-րդ կիլոմետրի վրա գտնվող Օրթաքոնաք ավանի մոտակայքում: Ինքնաթիռի երկու օդաչուն էլ զոհվել էին:

 

Հետաքրքիր է, որ այդ աղետից անմիջապես հետո թուրքական կողմը կասկածներ էր հայտնել, որ դրա մեջ հնարավոր է' իր մեղքի բաժինն ունի Իսրայելը, որին այդ տիպի ինքնաթիռների' 2002 թվականին արդիականացման համար Թուրքիան 632 մլն դոլար էր վճարել:

 

2002 թվականից հետո Թուրքիայում ընդհանուր առմամբ անհայտ պատճառներով F-4 տիպի 12 ռազմական ինքնաթիռներ են կործանվել:

 

Թուրքիայի պշատպանության նախարար Իսմեթ Յըլմազն այդ առնչությամբ անգամ հայտարարել էր, թե չի բացառվում, որ հետագայում երկիրը հրաժարվի F-4 կործանիչների շահագործումից:

 

Քոնիայում անցկացվող Թուրքիայի և Ադրբեջանի օդուժերի համատեղ զինավարժանքներն սկսվել են մարտի 3-ին և պետք է շարունակվեն մինչև ապրիլի 12-ը: