ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի երկու պալատների ղեկավարներին իրազեկել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները մեկ տարով երկարացնելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:

 

Կոնգրեսականներին հղած ուղերձում Օբաման պարզաբանել է, որ պատժամիջոցների երկարացումը պայմանավորված է Իրանի ղեկավարության քաղաքականությամբ, որը «դեռեւս լրջորեն սպառնում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը»:

 

Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները սահմանվել են տակավին 1995 թվականին նախագահ Բիլ Քլինթոնի հրամանագրով եւ այն ժամանակվանից պարբերաբար երկարացվում են:

 

Ինչպես նշում են դիտորդները, պատժամիջոցների երկարաձգումը ամերիկյան վարչակազմի փորձն է՝ հարթելու Կոնգրեսի հետ առկա հակասությունները, որը հանդես է գալիս Իրանի նկատմամբ նոր սահմանափակումներ կիրառելու օգտին:

 

Միաժամանակ ԱՄՆ-ի առանձին քաղաքական գործիչներ փորձում են խոչընդոտել Իրանի հետ համաձայնության հասնելուն: Դիտորդներին այդպես են գնահատում ամերիկացի մի խումբ սենատորների՝ Իրանի ղեկավարությանն ուղարկված նամակը, որում նշվում է, թե միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագիրը ուժը կկորցնի 2017 թվականին նախագահի պաշտոնից Օբամայի հեռանալուց հետո:

 

ԱՄՆ-ի կառավարությունն այն կարծիքին է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի հետ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) բանակցությունների պայմաններում նոր պատժամիջոցները կարող են վիժեցնել համապարփակ համաձայնության հասնելուն ուղղված ջանքերը:

 

Իրանը հետեւողականորեն ընդգծում է, որ բանակցություններում համաձայնության հասնելը հնարավոր է միայն ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի պատժամիջոցների չեղարկման պայմանով: