Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն ողջունել է Հայաստանի որոշումը' մասնակցելու Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին:

«Սա հրաշալի լուր է Եվրոպական խաղերի և հայկական սպորտի համար: Եվ ես կցանկանայի շնորհավորել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին նման որոշում կայացնելու համար: Հայ մարզիկների մասնակցությունը Բաքվի խաղերին միանշանակորեն կնպաստի Եվրոպական խաղերի հաջող մեկնարկին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԵՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեին հղում է կատարում sportsfeatures կայքը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարտի 10-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել մասնակցել Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերին: Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով' բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն: Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականին հունիսին։ Նման որոշումն ընդունվել է 2012 թվականին Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր: