Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար, տիկին Միկայել Ժանը մարտի 11-ին ընդունել է կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ և Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին' խմբի Բյուրոյի անդամների հետ միասին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը հավաստիացրել է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին, որ Ֆրանսիայի ֆրանկոֆոն դեսպաններն իրենց աջակցութունը կցուցաբերեն հօգուտ Ֆրանկոֆոնիայի' նրա ձեռնարկած գործունեության հարցում:

 

 

Դեսպանը ներկայացրել է խմբի գործունեությունը և ողջունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ այս համատեքստում ծավալված համագործակցությունը:

 

 

Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպան Տեր- Ստեփանյանին' ֆրանկոֆոնիայի գործում խմբի ներգրավվածության համար: Նա վերահաստատել է իր ցանկությունը' սերտորեն համագործակցելու խմբի հետ, և կոչ է արել ֆրանկոֆոն դեսպաններին համախմբված գործել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախապատրաստման հարցում, որը տեղի կունենա 2015 թվականի աշնանը Երևանում: