Հայաստանի տնտեսական զարգացման բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն և նախաձեռնողականություն ցուցաբերած կին գործարարները կարժանան ՀՀ վարչապետի մրցանակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեկնարկել է ՀՀ վարչապետի 2015 թվականի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը:

 

 

Տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները ըստ արժանվույն գնահատելու, հանրահռչակելու և սատարելու նպատակովˋ կառավարությունը մրցանակաբաշխություն է հայտարարել «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Լավագույն կին բարեգործ», «Լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգերում:

 

 

Մրցույթի պայմանների համաձայնˋ յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ, ամեն անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզի լավագույն կին գործարարների համար, իսկ հայտատուների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որն ստեղծվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով:

 

 

Մրցանակաբաշխությունը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իրականացնում է Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգաման ազգային կենտրոնը: Յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված հայտի ձևը հնարավոր է ստանալ' [email protected] էլեկտրոնային հասցեին նամակ ուղղելով: Լրացված հայտերը պետք է ներկայացնել առցանց տարբերակով' մինչև 2015 թվականի մարտի 25-ը: