Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի մայրաքաղաք Կազանում ծագումով ադրբեջանցի Հուսեին Գահրամանովին պատկանող «Ադմիրալ» առեւտրի կենտրոնում մարտի 11-ին ծագած հրդեհի արդյունքում զոհվածների թիվը հասել է 11-ի:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է Թաթարստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը: Նշվում է, որ զոհվածներից երեքը Ադրբեջանի քաղաքացիներ են:

 

ՌԴ ԱԻՆ Պրիվոլժսկի տրածաշրջանային կենտրոնի պետ Իգոր Պանշինը ԶԼՄ-ներին հայտնել է, որ փրկարարները շարունակում են առեւտրի կենտրոնի փլատակաների տակից դուրս բերել զոհվածների դիերը: Նրա կարծիքով' փլատակների տակ կարող են գտնվել եւս 25 մարդու դիակ:

 

ՌԴ ԱԻՆ մամուլի քարտուղար Անդրեյ Ռադիգինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել էր, որ հրդեհը մեծ ծավալ է ընդգրկել այն բանի պատճառով, որ անձնակազմը ոչ թե անմիջապես հրշեջ ստորաբաժանումներ է հրավիրել, այլ որոշ ժամանակ փորձել է կրակի հետ պայքարել ինքնուրույն:

 

Նրա խոսքով'«Ադմիրալ» եռահարկ առեւտրի կենտրոնում խոշոր հրդեհի պատճառի գլխավոր վարկածներից մեկը շենքին կից սրճարանի աշխատակիցների անգրագետ գործողություններն են, որոնցից էլ սկսվել է հրդեհը: «Հրշեջների ժամանման պահին հրդեհն արդեն ընդգրկել էր ավելի քան 100 քմ տարածք, որտեղ գտնվում են առեւտրի կետերը», -ասել է Ա.Ռադըգինը:

 

Կազանի խոշորագույն առեւտրի կենտրոնում հրդեհը տարածվել է 4 հազար քմ տարածքի վրա: Շենքից տարհանվել է 650-ից ավելի մարդ: Շենքն ամբողջությամբ այրվել է: 36 մարդ վնասվածքներ են ստացել:

 

Հրդեհի ժամանակ զոհվածների եւ տուժածների մեջ մի քանի երկրների քաղաքացիներ կան: Ռուսաստանցիներից բացի, զոհվածների ցուցակում նշվում են Տաջիկստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների անուններ եւս: 55 տուժածներից երկուսը Վիետնամի, երկուսը' Ադրբեջանի, երկուսը Ղրղզստանի եւ մեկը Տաջիկստանի քաղաքացիներ են:

 

«Ադմիրալ» առեւտրի կենտրոնի սեփականատեր Հուսեին Գահրամանովը ձերբակալվել է: