Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին ընդունել է Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները և կարևորել է երկու երկրների խորհրդարանականների միջև ակտիվ համագործակցությունը, հաճախակի փոխայցելությունները՝ ընդգծելով, որ օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունն իր նպաստն է բերում միջպետական հարաբերությունների ամրապնդմանը:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջեմ Օզդեմիրը նշել է, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան և խորհրդանշական է, որ այն տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: ՀՀ արտգործնախարարը հյուրին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Հայաստանում և արտերկրում կազմակերպվող միջոցառումները:

 

Էդվարդ Նալբանդյանն ու Ջեմ Օզդեմիրը հանգամանալից մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների շուրջ:

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համատեղ ջանքերը: