Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստը, որը նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրավիրել Էր երկրում ստեղծված տնտեսական վիճակից դուրս գալու ուղիները քննարկելու համար, մարտի 13-ին չի կայացել քվորումի բացակայության պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

 

Գրանցում Է անցել միայն 41 պատգամավոր, մինչդեռ նիստի անցկացման համար անհրաժեշտ Էր առնվազն 76 պատգամավորների ներկայությունը: Գրանցումն անցկացվել Է երեք անգամ:

 

 

Արտահերթ նիստին մասնակցելուց հրաժարվել են խորհրդարանական մեծամասնության պատգամավորները, որոնք ներկայացնում են «Վրացական երազանք» կոալիցիան, ինչպես նաեւ տնտեսական բլոկի նախարարները: Քութայիս քաղաքում (Իմերեթի տարածաշրջան) գտնվող խորհրդարանի նոր շենքի նիստերի դահլիճ (այստեղ են անցկացվում լիագումար նիստերը) Էին եկել միայն «Միասնական ազգային շարժում» (առաջնորդ՝ Միխեիլ Սահակաշվիլի) եւ «Մեր Վրաստանը. ազատ դեմոկրատներ» (առաջնորդ՝ Իրակլի Ալասանիա) կուսակցությունների ներկայացուցիչները:

 

 

«Գործընկերնե՛ր, մենք քվորում չունենք: Արտահերթ նիստը չկայացավ: Կհավաքվենք հերթական լիագումար նիստի ընթացքում»,-հայտարարել Է «Վրացական երազանք»-ից Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Զվիադ Ձիձիգուրին, որը պետք Է ղեկավարեր նիստը:

 

 

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հայտարարել Էր, թե իրեն չի հետաքրքրում նախագահ Մարգվելաշվիլիի որոշմամբ երկրի տնտեսական իրադրության կապակցությամբ հանրապետության խորհրդարանի արտահերթ նիստի գումարումը: «Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի բնակչությունը, մարդիկ: Մնացած ձեւականություններն ինձ չեն հետաքրքրում: Մեզ համար գլխավորը գործելն է եւ ժողովրդի, մեր երկրի մասին մտածելը, միասնական լինելը՝ առանց որեւէ շոուի»,- ասել էր Ղարիբաշվիլին:

 

 

Իր հերթին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել էր, որ խորհրդարանական մեծամասնությունը «ճիշտ քաղաքական որոշում» կընդունի, եթե չներկայանա արտահերթ նիստին: Նրա խոսքով՝ ընդդիմության գործողությունները վնաս են հասցնում լարիի փոխարժեքին եւ հանրապետության տնտեսությանը: