ՀՀ ոստիկանությունը մի շարք վայրերում զենք-զինամթերք է հայտնաբերել:

Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Երևանի Արզումանյան փողոցի թիվ 4 շենքի հետնամասում զենք է թողնում:

 

 

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տուփ, որի մեջ եղել է «Նագան» տիպի ատրճանակ և 7.62 մմ տրամաչափի 7 փամփուշտ:

 

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 11 շենքի դիմաց՝ աղբարկղի մոտ, նռնակ, փամփուշտներ և ինքնաձիգի պահունակ է թողնում:

 

 

Անմիջապես նշված վայրը հասած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է նռնակ' առանց պայթուցիչի, տարբեր տրամաչափի 110 փամփուշտ և ինքնաձիգի փամփշտատուփ:

 

 

Բացի այդ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Կուրղինյան փողոցից ջրատար տանող ճանապարհին՝ ծառի տակ, զենք-զինամթերք է թողնում:

 

 

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պարկ, որի մեջ եղել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ' պայթուցիչներով, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի փամփշտատուփ, 5.45 մմ տրամաչափի 59 և 7.62 մմ տրամաչափի 168 փամփուշտ:

 

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի մոտ՝ դրսի աղբարկղի մեջ:

 

 

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է կարճեցված փողով, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, 3 նռնակ' առանց պայթուցիչների, նռնակի 1 պայթուցիչ և 5.45 մմ տրամաչափի 116 փամփուշտ:

Հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: