Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հեռուստահաղորդավար է դարձել GDS ժամանցային հեռուստաալիքում, որը պատկանում է նրա որդուն՝ Բեկե Իվանիշվիլիին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Իվանիշվիլին մարտի 15-ին հեռուստաեթերում ներկայացրել է «20/30» նոր վերլուծական ծրագիրը: Նախկին վարչապետի կարծիքով՝ անհրաժեշտ է կատարել «քաղաքական իրադարձությունների անաչառ վերլուծություն», քանի որ Վրաստանի մեդիատարածքում «խախտվել է տեղեկատվական բալանսը»:

 

«Եթե բնակչությունը ճիշտ եւ իրատեսորեն չգնահատի պետության հնարավորությունները եւ նրանից ավելին պահանջի, մենք կարող ենք այլ տիպի ծայրահեղության հասնել: Ես նկատի ունեմ այն, որ վերջին 22 տարվա ընթացքում մենք, ցավոք, չենք սովորել դասեր քաղել ուրիշների փորձից եւ ամեն ինչ փորձել ենք մեր մաշկի վրա՝ անցել քաղաքացիական պատերազմի բովով՝ ունենալով ավերված երկիր, կոռուպցիա, իսկ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության իննամյա կառավարման պայմաններում անցել ենք իշխանության կողմից բնակչության նկատմամբ գործադրված բռնությունների միջով»,- հայտարարել է Իվանիշվիլին:

 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, նախկին վարչապետը հեռուստաեթերի ընթացքում խոստովանել է, որ Վրաստանի տնտեսությունը թուլացել է, եւ դրա վրա ազդում է Ուկրաինայի ճգնաժամը: «Բայց Վրաստանի տնտեսության մեջ չկա ոչ մի աղետ ու քաոս, ինչպես դա փորձում են ներկայացնել հանրապետության առանձին փորձագետներ եւ մի քանի հեռուստաընկերություններ: Մենք կփորձենք անաչառ վերլուծության միջոցով դա բացատրել բնակչությանը»,- ընդգծել է նա: