Ըստ ՀՀ կրթության եւ գիտության կողմից սահմանված գրաֆիկի, Արարատի մարզի 112 դպրոցներում այսօրվանից մեկնարկեցին գարնանային արձակուրդները եւ կտեւեն մինչեւ մարտի 22-ը ներառյալ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը, առաջին դասարանցիների արձակուրդը կերկարաձգվի եւս մեկ շաբաթով: Աշակերտներն այս ուսումնական տարվա ընթացքում ունեցել են նաեւ աշնանային եւ ձմեռային արձակուրդներ:

 

Մարզի 76 դպրոցը տաքացվում են լոկալ ջեռուցման համակարգով, որոնցից հինգում' Զորակի միջնակարգ, Վերին Դվինի, Փոքր Վեդիի, Ոսկետափի եւ Նոր Ուղիի հիմնական դպրոցներում համակարգը պետբյուջեի միջոցներով անցկացվել եւ գործում է այս ուսումնական տարվանից: 31 դպրոցում ջեռուցումը կազմակերպվում է էլեկտրական սալիկներով:

 

Ջեռուցման տարեշրջանը դպրոցներում ավարտվեց գարնանային արձակուրդների մեկնարկին : Այն սկսվել էր նոյեմբերի 15-ից, իսկ բարձրլեռնային գոտիներում, կախված եղանակային տատանումներից, քիչ ավելի շուտ:

 

Արարատի մարզում դպրոցների թիվը 112 է, որոնցից 107-ը մարզպետարանի, իսկ հինգը' ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցներն են: Մարզի դպրոցներում հունվարի դրությամբ սովորում է 30 հազար 328 աշակերտ, որոնցից 3462-ն առաջին դասարանցիներ են: Մկրտչյանը նկատեց, որ այս ուսումնական տարվա մեկնարկին մարզի դպրոցներում սովորում էր 30 հազար 577 աշակերտ, որոնց թիվն այսօրվա դրությամբ նվազել է 249-ով: Նրանք փոխել են բնակույթան վայրը. մի մասը տեղափոխվել է մայրաքաղաք կամ հանրապետության այլ մարզեր, որոշ մասն էլ' ընտանիքով բնակության մեկնել արտերկիր:

 

 

Լիլիթ Մաճկալյան