Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում դրանց կանխարգելման հիմնական գործոններից մեկն է, և այս վեհ նպատակը պետք է երբեք չստորադասվի աշխարհաքաղաքական հաշվարկներին: «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Դեռևս 1987թ. Եվրոպական խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և 2000, 2002 և 2005թթ. վերահաստատել Ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը՝ դրանով իսկ իր մեծ ներդրումն ունենալով այս ուղղությամբ իրականացվող ջանքերում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նալբանդյանը:

 

Նախարարն ասաց, որ Հայաստանը մեծապես գնահատում է այն հանգամանքը, որ Եվրոխորհրդարանն իր տարբեր բանաձևերում Թուրքիային կոչ է արել բացել սահմանը հարևան Հայաստանի հետ և հաստատել դիվանագիտական հաբարեություններ: «Մարտի 3-ին Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունել է բանաձև, որը
Թուրքիային կոչ է անում ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը և դիմում է միջազգային կառույցներին, Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին՝ վերականգնել պատմական արդարությունը և հիշատակի տուրք մատուցել զոհերի հիշատակին»,- ընդգծեց Նալբանդյանը:

 

Նախարարը հիշեցրեց, որ մարտի 12-ին Եվրոխորհրդարանն ընդունել է մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013թ. տարեկան զեկույցը, որում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կոչ է անում ԵՄ անդամ բոլոր պետություններին' ընդունել Հայոց ցեղասպանությունը և կոչ է անում ԵՄ կառույցներին' նպաստել Ցեղասպանության ճանաչմանը: «Ցանկանում եմ օգտագործել առիթը և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս ձևակերպումների ընդունմանը: Մեր բոլորի համատեղ ջանքերի միջոցով մենք կկարողանանք էական ներդրում ունենալ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում»,- եզրափակեց Նալբանդյանը: