Էբոլա վիրուսով յուրաքանչյուր հինգերորդ վարակվածը երեխա է: Այս տվյալները, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հրապարակվել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) զեկույցում:

 

«Էբոլա վիրուսով վարակվելու յուրաքանչյուր հինգերորդ դեպքն ախտորոշվում է երեխայի մոտ»,- հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քրատուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը: «Ավելի քան 24 հազար վարակվածներից մոտավորապես 5 հազարը երեխաներ են, միեւնույն ժամանակ 16 հազարից ավելի երեխաներ զրկվել են ծնողներից ու կերակրողներից»,- ասել է նա:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը մարտի 18-ին միաժամանակ ներկայացվել է Նյու Յորքում եւ Սենեգալի մայրաքաղաք Դաքարում: «Տուժած շրջաններում ապրող 9 մլն երեխաներից շատերին Էբոլան անպատմելի վիշտ է պատճառել: Երեխաները դարձել են մարդկանց զոհվելու ու նրանց տառապանքների վկաները, ինչը դուրս է նրանց ըմբռնման շրջանակներից»,- նշվում է փաստաթղթում:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 10 հազար 179-ի, վարակված է 24 հազար 666 մարդ: Հիվանդանալու դեպքերի ճնշող մեծամասնությունը գրանցվում է Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում: