Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Հալեպի ս. Աստվածածին եկեղեցու ներքնասրահում մարտի 17-ին բացվել է Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական գավառների ասեղնագործության ցուցահանդեսը:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Ցուցահանդեսը կազմակերպել է Սիրիահայ Օգնության խաչի շրջանային վարչությունը Բերիո հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Շահան Արք. Սարգիսյանի գլխավորությամբ, որը հովանավորել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Սիրիայի կենտրոնական մարմինը:

 

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել սիրիահայ երեք համայնքապետերը, ՀՀ գլխավոր հյուպատոսը Հալեպում, ՀՕՄ-ի վարչության ներակայացուցիչը, օգնության խաչի անդամներ և այլ հրավիրյալներ:

 

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են հայկական գավառների պատմությունը, ավանդությունները և սովորությունները, ասեղնագործությունը, բարբառներն ու համադամ ճաշերը:

 

Ասեղնագործության կողքին Ս.Օ.Խ.-ի հանձնախմբերը ցուցադրել են ձեռարվեստի ընտիր նմուշներ, ավանդական ճաշատեսակներ և զարդեր:

 

Երիտասարդ աղջիկների մեծ ներդումը վկայում է, որ Սիրիահայ օգնության խաչը բծախնդրորեն սատարում է հայկական մշակութային արժեքների պահպանմանը և նորահաս սերունդներին փոխանցմանը, որպեսզի նրանք իրենց հերթին հիշեն, պահպանեն ու պահանջեն մեր ժողովրդի իրավունքները: