Երեւանում մեկնարկած «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումին մասնակցում է 34 երկրի 250 լրագրող: «Լրագրողների համագործակցություն» մեդիակոնգրեսի նախագահ Աշոտ Ջազոյանը փաստում է, որ Երեւանում են ինչպես բազմիցս Հայաստան այցելած եւ հայ ժողովրդի պատմությանը ծանոթ լրագրողներ, այնպես էլ մարդիկ, ովքեր առաջին անգամ են այցելում:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանն ասաց մեդիակոնֆերանսը չէր կարող շրջանցել Հայոց ցեղասպանության հարցը ոչ միայն այն պատճառով, որ այս տարի հայ ժողովուրդը ոգեկոչելու է 100-րդ տարելիցը, այլ որովհետեւ այսօր էլ աշխարհի տարբեր մասերում կիրառվում են նույն մեթոդները, որն իրականացնում էր Թուրքիան մեկ դար առաջ: «Փաստ է, որ ցեղասպանությունների կանխարգելման, խտրականության դեմ պայքարում մեծ է լրատվամիջոցների դերը: Խոսելով ցեղասպանությունների իրականացման մասին' պետք է փաստենք, որ ամենամեծ մարտահրավերը անտարբերությունն է, քանզի հայտնի է, որ յուրաքանչյուր հանցագործություն կարող է կրկնվել, քանի դեռ չի դատապարտվել»,- ասաց Արա Սաղաթելյանը' հավելելով, որ Հայաստանի հետ սահմանը փակ պահելով' Թուրքիան փակ է պահում նաեւ տեղեկատվական սահմանը:

 

«Թուրքիայում անհասանելի են թե հայկական, թե միջազգային բազմաթիվ կայքեր: Սակայն պատնեշեր կառուցելով չես կարող փոխել իրականությունը: Պետք է Թուրքիայի հասարակությանը հնարավորություն տալ' առերեսվելու պատմությանն ու իրականությանը: Այսօր Թուրքիան մտացածին տոներ է հորինում, ոչնչացնում արխիվներ: Թուրքական վերնախավը չի հասկանում, որ հերքելով կամ կասկածի տակ դնելով Ցեղասպանությունը, չի կարող իրականությունը փոխել»,- ասաց Սաղաթելյանը' հավելելով, որ հայ-թուրքական սահմանը Եվրոպայի վերջին փակ սահմանն է եւ միանշանակ է, որ այն պետք է բացվÕ «:

 

Մարտի 18-ից 20-ը Երևանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5-րդ միջազային եռօրյա մեդիա խորհրդաժողովը: Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանի և կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունը:

 

Խորհրդաժողովն անցնում է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: Նրա թեմատիկ ուղղություններն այն չորս սկզբունքներն են՝ Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային պայքար ցեղասպանությունների ճանաչման համար, Վերածնունդ, որոնց տրամաբանության ներքո անց են կացվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները:

 

Խորհրդաժողովը մեկ հարկի տակ է հավաքել տարբեր երկրներից միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, գիտնականների, հասարակական և քաղաքական գործիչների: Այն կհանդիսանա Հայոց ցեղասպանության պատմության, ճանաչման, պետությունների պատասխանատվության ու ապագա ոճիրների կանխարգելման, Ցեղասպանության եղելության հերքման, մշակութային արժեքների ոչնչացման, ու այլ հիմնախնդիրների քննարկման հարթակ: