Չինաստանը հաստատել է հեռավոր գործողության HQ-9 տեսակի զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու մասին Թուրքիայի հետ պայմանագիր ստորագրելու փաստը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է China Daily թերթը' հղում կատարելով China National Precision Machinery Import & Export Corporation ընկերության ներկայացուցչին:

 

Դեռևս փետրվարին Թուրքիայի պաշտապնության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել էր, որ Անկարան ծրագրում է Չինաստանի հետ համագործակցությամբ հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծել: Նա հավելել էր, որ Թուրքիայի կողմից ստեղծվող ՀՕՊ համալիրը չի ինտեգրվելու ՆԱՏՕ-ի համակարգին: Սակայն ավելի ուշ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ հակահրթիռային պաշտպանության մշակվող համակարգը համատեղելի է լինելու ՆԱՏՕ-ի համակարգերի հետ:

 

Չինական թերթը հայտնել է, որ China National Precision Machinery Import & Export Corporation ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, թե HQ-9 մոդելի չինական FD-2000 համակարգի արտահանման համար ընտրվել է 2013 թվականին Թուրքիայի հետ կնքված պայմանագրի համար:

 

Ըստ թերթի' ընկերության ներկայացուցիչն այդ հայտարարությունը չինական հեռուստատեսությանն արել է Մալայզիայում անցկացվող Ասիայում խոշորագույն LIMA ռազմաարդյունաբերական ցուցահանդեսում: Չինական ընկերության ներկայացուցչի խոսքով' FD-2000 համակարգը գլխավոր ցուցանմուշներից մեկն է, որ Չինաստանը ներկայացրել է այդ ցուցահանդեսում: