ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի առաջին տիկինները՝ Միշել Օբաման եւ Ակիե Աբեն, հավաստել են Վաշինգտոնի եւ Տոկիոյի երկկողմ համագործակցությունը ամբողջ աշխարհում կանանց համար նախատեսված կրթական ծրագրերի տարածման խնդրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Մասնավորապես, ինչպես նշում Է «Կիոդո» գործակալությունը, համագործակցության ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածություն Է ձեռք բերվել «Խաղաղության կորպուս» ամերիկյան հումանիտար կազմակերպության եւ «Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության» (JICA) Կամավոր համագործակցության ճապոնական կորպուսի միջեւ:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Միշել Օբաման առաջին այցով Ճապոնիա Է ժամանել մարտի 18-ին: Անցյալ տարվա ապրիլին, երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պետական այցով ժամանել Էր Ճապոնիա, նա իր ամուսնուն չԷր ուղեկցել՝ նշելով, որ զբաղված Է լինելու դուստրերից մեկի դպրոցական միջոցառումների կապակցությամբ: Ճապոնիա այցի ընթացքում Միշել Օբաման նաեւ կայցելի Կիոտո: Մարտի 20-ին ԱՄՆ-ի առաջին տիկինը Ճապոնիայից կուղեւորվի Կամբոջա:

 

Փետրվարին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հաստատել Է «Աղջիկներին թույլ տվեք սովորել» (Let Girls Learn) ծրագիրը, որն ամբողջ աշխարհի դեռահասներին օգնություն Է նախատեսում կրթություն ստանալու գործում: Նախաձեռնությունը, մասնավորապես, նպատակամղված Է ամբողջ աշխարհի շուրջ 62 միլիոն աղջիկների համար ուսման պայմանների ստեղծմանն ու բարելավմանը: