Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում անցկացվող ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում խիստ քննադատություններ են հնչել Ադրբեջանի հասցեին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Զաիդ ալ Հուսեինը աշխարհում մարդու իրավունքների բնագավառում տիրող վիճակի մասին ելույթում ներկաներին տեղեկացրել է Ադրբեջանում վերջին մեկ տարում իշխանությունների կողմից քաղաքական ակտիվիստների, իրավապաշտպանների եւ լրագրողների դեմ վարած ռեպրեսիվ քաղաքականության մասին:

 

Տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց ելույթներում խոսել են Ալիեւյան ռեժիմի բռնաճնշումներից:

 

Իռլանդիայի ներկայացուցիչն ասել է, որ Ադրբեջանում իշխանության ռեպրեսիվ քաղաքականությունը լուրջ անհանգստություն է ծնում:

 

Գերմանիան ներկայացնող պատվիրակը խոսել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ ռեպրեսիաների մասին: Նա հայտնել է, որ պետք է Ադրբեջանի կառավարությունից պահանջել վերջ դնել նման ապօրինություններին, հետազոտել այդ դեպքերը եւ պատժել մեղավորներին:

 

Նորվեգիայի ներկայացուցիչը հայտնել է Ադրբեջանում իրավապաշտպանների եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ ռեպրեսիաների հետեւանքով ստեղծված ծանր դրության մասին:

 

Չեխիայի ներկայացուցիչն իր ելույթում ասել է, որ Ադրբեջանում իրավապաշտպանների եւ իշխանություններին քննադատող լրագրողների վիճակը սարսափելի է:

 

Իրենց ելույթներում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի հետ կապված նման կարծիքներ են հայտնել նաեւ Բելգիայի, Կանադայի ներկայացուցիչները:

 

Ադրբեջանի իշխանության ռեպրեսիվ քաղաքականութունը քննադատել են նստաշրջանին մասնակից մի շարք միջազգային իրավապաշտպան կամակերպությունների ներկայացուցիչներ եւս: Մարդու իրավունքների տուն հիմնադրամի, Մարդու իրավունքների լիգաների միջազգային դաշինքը, Article19 եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել վերջ դնել Ադրբեջանում իրագործվող ռեպրեսիաներին: