Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ, որ անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

 

«Եթե հիշում եք ամիսներ առաջ Արգենտինայում Նախագահը նշել է, որ մեր հասարակությանը մտահոգում է, որ մեր դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին: Եվ կարծում եմ, որ ցանկացած պետության նախագահ նման հարցի վերաբերյալ իր կարծիքը պետք է արտահայտի, ինչն էլ արել է մեր երկրի Նախագահը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը: Նա ընդգծեց, որ ՀՀ Նախագահի խոսքը եղել է հստակ, ուղիղ և շիտակ:

 

 

Հարցին, թե կապ տեսնում է Նախագահի այդ հայտարարության և նախօրեին ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հարձակման միջև, Շարմազանովն ընդգծեց, որ դրանց մեջ որևէ կապ չկա՝ խորհուրդ տալով նման գաղտնի դավադրությունների տեսություններին չհավատալ:

 

 

Նա ընդգծեց, որ Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման լկտի պահվածք է դրսևորում՝ ապակայունացնելով իրավիճակը սահմանի երկայնքով: Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմից ակտիվացումը նպատակ ունի ստվերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, ինչը թուրք-ադրբեջանական պայմանավորվածության արդյունք է: