ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 20-ին ընդունել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին՝ համանախագահ Սաջաթ Քարիմի գլխավորությամբ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի միջև առկա ակտիվ համագործակցությունն իր ուրույն տեղն ունի ՀՀ-ԵՄ հարաբերություններում: «Այս շաբաթը Հայաստանում հագեցած էր եվրոպական օրակարգով՝ թե՛ գործադիր իշխանության, թե՛ օրենսդիր մարմինների ձևաչափով, և դա վկայում է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության բարձր մակարդակի մասին»,- նշել է նա։

 

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ:

Նախարար Նալբանդյանը կարևորել է 2014թ. հունվարից ուժի մեջ մտած ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, որոնց հաջող իրականացումը ճանապարհ է հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացում։

 

 

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։