Նորվեգական «Վերդենս Գանգ» (VG) թերթը մարտի 15-ին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգի չմասնակցելուն և հրապարակել է Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհու' Մարիթ Գրևի' այդ կապակցությամբ հնչեցված քննադատությունը կառավարության հասցեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' թերթը նշում է, որ 2015թ. ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Այդ առիթով Հայաստան են հրավիրվել տարբեր երկրների ղեկավարներ՝ մասնակցելու հիշատակի արարողությանը և հարգելու մեկուկես միլիոն զոհերի հիշատակը։

 

Միջոցառմանը հրավիրվել էր նաև Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը, ով, սակայն, մերժել է հրավերը։ Տարելիցին չի մասնակցի նաև նորվեգական կառավարության որևէ այլ ներկայացուցիչ։ Բացի այդ, Նորվեգիան 1915թ. Թուրքիայում հայերի հանդեպ կատարված իրադարձությունները չի ճանաչում որպես ցեղասպանություն։

 

Ըստ թերթի՝ այս նորությանը քննադատաբար է արձագանքել հայտնի մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհին՝ Մարիթ Գրևեն։ 1925թ Նանսենն այցելել է Թուրքիայի տարբեր վայրերում գտնվող հայ փախստականներին, որտեղ նրանց նկատմամբ ցեղասպանություն է կատարվել։ Շուրջ երեք հարյուր հազար հայ փախստականներ Թուրքիայից, օգտվելով այդ շրջանում արդեն Ազգերի լիգայի կողմից հավանության արժանացած նանսենյան անձնագրից, կարողացել են ապաստան գտնել տարբեր երկրներում։ Ընդ որում, հայ փախստականներին այս հարցում օգնություն է ցուցաբերել նաև Շվեդիան՝ նրանց թույլատրելով մուտք գործել նաև իր տարածք և պաշտպանություն գտնել այդտեղ։

 

Ինչպես նշվում է հոդվածում, Նանսենի թոռնուհին Հայաստանին ծանոթացել է դեռևս վաղ տարիքից։ Հայաստան այցելելով՝ Գրեվեն հիացել է նրանով, թե ինչպես են հայեըը գնահատում Նանսենի գործադրած ջանքերը, որոնց շնորհիվ բազմաթիվ հայեր կարողացել են փրկվել Թուրքիայում կատարված ցեղասպանությունից։ Գրեվեն նշում է նաև, որ հայ դպրոցականները նույնիսկ ավելի շատ գիտելիքներ ունեն Նանսենի մասին, քան նորվեգացի դպրոցականները։

 

Թերթի հաղորդմամբ՝ Գրևեն հիասթափված է նորվեգական կառավարության ընդունած դիրքորոշումից և շեշտում է, որ կասկածից վեր է 1915թ.տեղի ունեցած իրադարձությունների և հայերի նկատմամբ կատարված գործողությունների՝ ցեղասպանություն լինելը։

 

Ֆրիտյոֆ Նանսենի կենսագրագիր և պատմաբան Կարլ Էմիլ Վոգտը համամիտ է Գրևեի հետ։ Հոդվածում նշվում է, որ ըստ նրա՝ Նորվեգիան ի չիք է դարձնում տարիների ընթացքում Նանսենի գործադրած ջանքերը՝ չճանաչելով Հայոց ցեղասպանությունը։