Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը պատասխանել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ իրանցի ժողովրդին հղած տեսաուղերձին՝ հայտարարելով, որ «իրանցիներն արդեն արել են ընտրությունը հօգուտ փոխգործակցության», հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Irna գործակալությանը:

 

ԱՄՆ-ի նախագահը մարտի 19-ին Նովրուզ տոնի առթիվ Իրանի ժողովրդին և ղեկավարներին հղած ուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Իրանը կարող են տասնամյակների ընթացքում առաջին անգամ բարելավել հարաբերությունները: Օբամայի խոսքով՝ երկու կողմերն էլ արդեն կատարում են փոխադարձ պայմանավորվածությունները: Օբաման իրանցիներին համարել է «հնադարյան քաղաքակրթության ժառանգորդներ», շնորհավորել է Նովրուզի առթիվ և հույս հայտնել, որ Իրանը և ԱՄՆ-ը կբարելավեն հարաբերությունները:

 

«Իրանցիներն արդեն կատարել են ընտրությունը՝ փոխգործակցել արժանապատվությամբ: ԱՄՆ-ի և նրա դաշնակցների համար ճիշտ ժամանակն է ընտրել՝ ճնշումը թե համաձայնությունը»,- մեջբերում է գործակալությունն Իրանի ԱԳ նախարարության ղեկավարի հայտարարությունը Twitter-ի պաշտոնական ակաունտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: