Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի պատվին հարգանքի ձեռնարկ է տեղի ունեցել Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդարանում:

 

Միջոցառումն անցկացվել է մարտի 19-ին Տիգրան և Զարուհի Տեր-Ղազարյան սրահում:

 

Միջոցառման մեկնարկը տրվել է «Հնչյունների տարածություն» վավերագրական ամփոփ ժապավենի ցուցադրությամբ:

 

Արվեստաբան Թագուհի Արզումանյանը խոսել է Տիգրան Մանսուրյանի երաժշտական տաղանդի մասին և ներկայացրել Մանսուրյան երգահան և երաժշտագետին որպես հայրենիքի անգին գանձ, իր երաժշտությամբ հայրենիքն ու հայ ազգը հարստացնող արվեստագետ:

 

Խմբավար ու «Լարք» երաժշտանոցի հիմնադիր տնօրեն Վաչե Պարսումյանն իր տարիների մտերմության և առաջին լսած երաժշտական կտորի առթիվ իր հուշերն է ներկայացրել: Հնչել է նաև հատված Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ռեքվիեմ»-ից: Առաջնորդարանի սրբազան հայրը տեղեկացրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն սրբատառ կոնդակ է շնորհել Տիգրան Մանսուրյանին, որով «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրում նրան: Սրբատառ կոնդակի ընթերցումից հետո շքանշանը հանձնվել է Տիգրան Մանսուրյանին: Կոմպոզիտորն իր շնորհակալության խոսքն է փոխանցել ներկաներին, ովքեր շնորհավորել են նրան նշանակալի պարգևի առթիվ:

 

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել նրանց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մ շակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ' նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։

 

Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», « Հին օրերի երգը» և այլ ֆիլմերի, բազմաթիվ ներկայացումների համար: